ԳՀՀ կողմից իրկանացվող բոլոր ՓՄՁ ծրագրերը պետք է համապատասխանեն ԳՀՀ-ի "Բնապահպանական դիտազննման ընթացակարգ" -ին:
ՓՄՁ աջակցության ծրագիր (ֆինանսավորող` KfW)
Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանի ֆինանսական հատվածը, մասնավորապես` մասնավոր միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորումն ավելի արդյունավետ և շահութաբեր դարձնելու համար ՀՀ ֆինանսական կազմակերպություններին տրամադրել անհրաժեշտ միջոցներ: Ծրագիրը նպատակ ունի նաև Հայաստանի ֆինանսական հատվածում նոր վարկային տեխնոլոգիաներ ներդնելու, ինչպես նաև աջակցելու բարձրորակ վարկային մասնագետների վերապատրաստմանն ու շարունակական զարգացմանը:
Ծրագիրը հիմնվել է 1998թ-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված «Ֆինանսական համագործակցության մասին» միջպետական համաձայնագրի շրջանակներում՝ համաձայն KfW բանկի և ՀՀ Կենտրոնական բանկի միջև կնքված Վարկային Պայմանագրի: Համագործակցության շրջանակներում ՀՀ կենտրոնական բանկը KfW բանկից ստացել է ընդհանուր առմամբ 16.8 մլն եվրոյի չափով վարկային գիծ 40 տարի մարման ժամկետով, որից 10 տարին՝ արտոնյալ:
Ծրագրի շրջանակում վարկավորումն իրականացվում է վերաֆինանսավորման սկզբունքով՝ Գործընկեր Ֆինանսական Կազմակերպությունները (ԳՖԿ) իրենց միջոցների հաշվին նախապես տրամադրված և Ծրագրի պահանջներին բավարարող վարկերը ներկայացնում են ԳՀՀ ԾԿԳ հիմնարկին վերաֆինանսավորման: Եթե տրամադրվող վարկերը համապատասխանում են Ծրագրի պահանջներին, ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորում է այդ վարկերը: ԳՖԿ-ների կողմից ՓՄՁ-ներին տրամադրվող վարկերը պետք է լինեն տեղական արժույթով և շուկայական տոկոսարդույքով, որոնք ԳՀՀ կողմից վերաֆինանսավորվում են տեղական արժույթով, մինչև 5 տարի մարման ժամկետով:
Բացի վարկային բաղադրիչից, KfW բանկը ֆինանսավորել է նաև ԳՖԿ-ներին տեխնիկական օժանդակության տրամադրումը: 1999թ-ին որպես ծրագրի խորհրդատու է ընտրվել IPC խորհրդատվական ընկերությունը: Ծրագրի խորհրդատուն, սերտորեն համագործակցելով Գործընկեր Ֆինանսական Կազմակերպությունների հետ, մշակել է վարկավորման նոր տեխնոլոգիաներ և դրանք ներդրել գրեթե 6 տարվա ընթացքում: Ի հակադրություն միայն գրավի վրա հիմնված վարկավորման մեխանիզմների, որոնք առկա էին մինչև ծրագրի մեկնարկը, խորհրդատուն մշակել և ներմուծել է բոլորովին նոր մոտեցում՝ հիմնված ՓՄՁ բիզնես վերլուծության վրա, որտեղ գրավը չէր հանդիսանում վարկունակության գնահատման հիմնական չափանիշը: Նոր տեխնոլոգիայի ներդրումը նպաստեց Հայաստանում բիզնես վարկավորման վերափոխմանը և խթանեց առևտրային բանկերի զարգացումը:
Վարկային միջոցներն ամբողջությամբ տեղաբաշխելուց հետո վերաֆինանսավորման գործընթացը շարունակվում է ԳՖԿ-ներից ստացվող մարումների հաշվին հատուկ վերականգնվող ֆոնդում կուտակված միջոցներով: Ծրագրի մեկնարկից մինչև 2020թ-ի դեկտեմբերի 31-ը Ծրագրի ԳՖԿ-ների միջոցով ընդհանուր առմամբ տրամադրվել է 75,723 վարկ՝ 293 մլրդ. ՀՀ դրամի չափով:
Ծրագրին մասնակցում է 11 ԳՖԿ՝ 10 առևտրային բանկ և 1 վարկային կազմակերպություն:
ՓՄՁ աջակցության ծրագիր (ֆինանսավորող`ՀՀ կառավարություն)
ՀՀ Կառավարությունը հիմք ընդունելով ԳՀՀ-ՄՓՄՁ Ծրագրի հաջողված փորձը 2008թ. դեկտեմբեր ամսին հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետությունում մասնավոր փոքր և միջին ձեռներեցության խթանման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ԳՀՀ-ին տրամադրեց հավելյալ 15.2 միլիարդ ՀՀ դրամ վարկային միջոցներ: Սույն ծրագրի շրջանակներում վարկավորումն իրականացվում է ԳՀՀ-ՄՓՄՁ ծրագրի տեխնոլոգիայով, վարկավորման միևնույն պայմաններով:
Ծրագիրն ավարտվել է 2013թ. նոյեմբերին:
ՓՄՁ ՖՄՀ ծրագիր (ֆինանսավորող` Համաշխարհային բանկ)
Հայաստանի Հանրապետության կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում ՀՀ-ում մասնավոր փոքր և միջին ձեռներեցության խթանման նպատակով 2009թ-ի փետրվարի 26-ին ՀՀ կենտրոնական բանկի և Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի միջև կնքվեց պայմանագիր 50 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելու վերաբերյալ:
“Փոքր և Միջին Ձեռնարկությունների Ֆինանսական Միջոցների Հասանելիություն (ՓՄՁՖՄՀ)” ծրագրի հիմնական նպատակն է պահպանել կամ մեծացնել վարկային միջոցների հասանելիությունը փոքր և միջին չափի ձեռնարկությունների համար, դրանով իսկ նպաստելով դրանց աճին: Վարկը տրամադրվեց 26.5 տարի ժամկետով:
Համաշխարհային բանկի կողմից սահմանված ցուցանիշների համաձայն ընտրվեցինին գործընկեր բանկեր, որոնց հետ ԳՀՀ ԾԿԳ-ի կողմից կնքվեցին համապատասխան գլխավոր վարկային պայմանագրեր:
Կանանց Ձեռներեցության Աջակցման Ոլորտի Զարգացման ծրագիր (ֆինանսավորող` ԱԶԲ)
Ասիական Զարգացման Բանկի «Կանանց Ձեռներեցության Ոլորտի Աջակցման և Զարգացման» ծրագրի շրջանակում 2013թ-ի հունվարի 25-ին ՀՀ կենտրոնական բանկի և Ասիական Զարգացման Բանկի միջև կնքվեց 20 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրելու վերաբերյալ նոր վարկային պայմանագիր: Ծրագիրն ուղղված է ՀՀ ֆինանսական համակարգի միջոցով խթանելու կանանց շրջանում ձեռներեցության զարգացումը` մեծացնելով ազգային արժույթով ֆինանսական միջոցների հասանելիությունը կանանց ՓՄՁ-ների համար: Կանանց ՓՄՁ որակվելու նպատակով փոքր և միջին ձեռնարկությունները պետք է բավարարեն հետևյալ երեք չափանիշներից առնվազն մեկին`ձեռնարկության առնվազն 50%-ը պատկանում է կանանց կամ գլխավոր ղեկավարրների առնվազն 60%-ը կանայք են կամ աշխատակիցների առնվազն 50%-ը հանդիսանում են կանայք:
Ծրագրի միջոցների առնվազն 50%-ը պետք է տրամադրվի կանանց ՓՄՁ-ների: Ծրագիրն իրականացնելու նպատակով ՀՀ Կենտրոնական բանկի և Ասիական Զարգացման Բանկի կողմից ընտրվել են հինգ գործընկեր ֆինանսական կազմակերպություններ, որոնց հետ կնքվել են համապատասխան վարկային պայմանագրեր: Ծրագրի համար նախատեսված վարկը ՀՀ կենտրոնական բանկին տրամադրվել է 31.5 տարի ժամկետով:
ՓՄՁ Գյուղատնտեսության և տուրիզմի ֆինանսավորման ծրագիր (Ֆինանսավորող՝ ԵՆԲ)
Ծրագիրը մեկնարկել է ՀՀ կենտրոնական բանկի և Եվրոպական Ներդրումային Բանկի միջև 2014 թվականի դեկտեմբերի 4-ին 50 մլն Եվրոյի չափով (62.3 մլն ԱՄՆ դոլար) վարկային պայմանագրի կնքումով: ՀՀ կենտրոնական բանկին վարկը/վարկի մասնաբաժինը տրամադրվում է մինչև 15 տարի ժամկետով: Ծրագրի նպատակն է ֆինանսավորել ՀՀ գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտում գործող մասնավոր փոքր և միջին ձեռնարկություններին: Ծրագրի հսկողությունն ու վարչարարությունն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի հիմնարկը հանդիսացող «Գերմանահայկական Հիմնադրամ» Ծրագրի Կառավարման Գրասենյակի կողմից:
Գործընկեր ֆինանսական կազմակերպություններին վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով և մինչև 7.5 տարի ժամկետով, մայր գումարի` ժամկետի վերջում մարման պայմանով: Ծրագրի շրջանակում ԳՖԿ-ներին վարկերը տրամադրվում են վերաֆինանսավորման սկզբունքով` ֆինանսավորելու ԳՖԿ-ների սեփական միջոցների հաշվին տրամադրված և Ծրագրի պահանջներին համապատասխանող ենթավարկերը: Ընդ որում ԳՖԿ-ների կողմից ՀՀ կենտրոնական բանկին/ԳՀՀ ԾԿԳ-ին վերաֆինանսավորման կարող են ներկայացվել առավելագույնը 6 ամսվա վաղեմություն ունեցող ենթավարկերը:
Ծրագրի Շահառուներ կարող են հանդիսանալ այն մասնավոր փոքր և միջին ձեռնարկությունները, որոնց աշխատակիցների քանակը չի գերազանցում 250-ը: ԳՖԿ-ների կողմից Շահառուներին ենթավարկերը կարող են տրամադրվել հետևյալ պայմաններով. ՀՀ դրամով, ենթավարկի գումարը չի կարող գերազանցել 1 մլն Եվրոյին համարժեք ՀՀ դրամը, ենթավարկերը կարող են տրամադրվել մինչև 7.5 տարի ժամկետով` առնվազն 2 տարի արտոնյալ ժամանակահատվածով:
«Հայաստանի տնտեսական դիմակայունություն II» ծրագիր (ֆինանսավորող` ԵՆԲ)
Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ, www.eib.org) հետ կնքված համաձայնագրի միջոցով մենք աջակցում ենք փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) և 3 000-ից պակաս աշխատակից ունեցող ձեռնարկություններին (ՄիջԿապ)՝ ապահովելով ավելի ցածր արժեքով ֆինանսավորման և մարման ճկուն ժամանակացույցերի անգնահատելի աղբյուրի հասանելիություն։
Եվրոպական համագործակցություն՝ ի շահ ՓՄՁ-ների
ԵՆԲ-ն Եվրոպական միության երկարաժամկետ վարկավորում իրականացնող բանկն է։ Նրա դերն է ֆինանսավորել ԵՄ քաղաքականության նպատակներին նպաստող ներդրումային ծրագրերը։ ԵՄ արտաքին գործողություններին աջակցելու նպատակով Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի որոշմամբ ԵՆԲ-ին տրվել է արտաքին մանդատ՝ ԵՄ-ից դուրս համապատասխան ծրագրեր ֆինանսավորելու համար։
Կապիտալի շուկաներում իր հնարավոր ամենաբարձր վարկանիշի (AAA) շնորհիվ ԵՆԲ-ն կարող է բարենպաստ պայմաններով միջոցներ ներգրավել, որոնք մեր միջոցով փոխանցում է ՓՄՁ-ներին և ՄիջԿապ ձեռնարկություններին։ Մենք ՓՄՁ-ներին և ՄիջԿապ ձեռնարկություններին հատուկ և անհատապես տեղեկացնում ենք ԵՆԲ-ի մասնակցության և ստացված վարկի ֆինանսական պայմանների վրա դրա ազդեցության մասին։ ՓՄՁ-ներին և ՄիջԿապ ձեռնարկություններին ԵՆԲ խմբի աջակցության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել ԵՆԲ-ի կայքում (www.eib.org)։
Ի՞նչ է ԵՆԲ ֆինանսավորումը։
ԵՆԲ-ն ընդլայնում է իր աջակցությունը ՓՄՁ-ներին և ՄիջԿապ ձեռնարկություններին՝ օգնելով այս կարևոր հատվածին օգտվել կենսական նշանակություն ունեցող նոր վարկային գծերից։ Վարկի ժամկետը կազմում է առնվազն 2 տարի (վարկի փաստացի ժամկետը կախված կլինի ֆինանսավորվող ծրագրի տնտեսական և տեխնիկական շահագործման ժամկետից), և այն կարող է օգտագործվել ինչպես շատ փոքր ծրագրերի, այնպես էլ առավելագույնը 25 միլիոն եվրո արժեքով ներդրումների ֆինանսավորման համար։ Սակայն ԵՆԲ-ի ներդրումը չի կարող գերազանցել 12.5 միլիոն եվրոն։
Ո՞վ կարող է դիմել ԵՆԲ վարկի համար։
Տեղական ՓՄՁ-ները, որոնք մինչև ներդրումն իրականացնելը համախմբված հիմունքներով ունեն 250-ից պակաս աշխատակից,
Տեղական ՄիջԿապ ձեռնարկությունները, որոնք մինչև ներդրումն իրականացնելը համախմբված հիմունքներով ունեն 3 000-ից պակաս աշխատակից։
Տնտեսության ոլորտների մեծ մասը համապատասխանում է ֆինանսավորման պահանջներին՝ մի քանի բացառություններով, որոնց թվում են զենքի և զինամթերքի, սպառազինության, ռազմական կամ ոստիկանական սարքավորումների կամ ենթակառուցվածքների արտադրությունը, մարդկանց անհատական իրավունքներն ու ազատությունը սահմանափակող սարքավորումները կամ ենթակառուցվածքները, շրջակա միջավայրի վրա ազդեցություն առաջացնող գործունեությունը, էթիկական կամ բարոյական տեսանկյունից վիճահարույց համարվող կամ ազգային օրենսդրությամբ արգելված գործունեությունը, ապրանքային նշանի կամ աշխարհագրական նշման նկատմամբ իրավունքը խախտող գործողության առարկա հանդիսացող ապրանքների արտադրությանը կամ վաճառքին ուղղված գործունեությունը, ինչպես նաև մոլեխաղերի և ծխախոտի հետ կապված գործունեությունը։
Ինչի՞ համար կարող է օգտագործվել ԵՆԲ վարկը։
ԵՆԲ վարկը կարող է օգտագործվել ՓՄՁ-ի կամ ՄիջԿապ ձեռնարկության զարգացման շրջանակում կատարվող բոլոր ներդրումների և ծախսերի ֆինանսավորման համար, այն է՝
Նյութական ներդրումներ՝ նյութական ակտիվների ձեռքբերում, վերանորոգում կամ ընդլայնում՝ հողատարածքների ձեռքբերման վերաբերյալ որոշ սահմանափակումներով։
Ոչ նյութական ներդրումներ՝ մասնավորապես հետազոտության և զարգացման, տեխնոլոգիական գործընթացների լիցենզիաների և ծրագրային ապահովման ձեռքբերման ծախսեր։
ՓՄՁ-ի կամ ՄիջԿապ ձեռնարկության գործառնական գործունեության համար անհրաժեշտ շրջանառու կապիտալի միջնաժամկետ և երկարաժամկետ պահանջներ։
Որո՞նք են առավելությունները Ձեր բիզնեսի համար։
Դուք կարող եք օգտվել շահավետ տոկոսադրույքներից՝ համեմատած բիզնեսի վարկավորման ստանդարտ պայմանների հետ։
Դուք կարող եք բանակցել վարկի ժամկետի կամ մարման պարբերականության շուրջ՝ դրանք համապատասխանեցնելով Ձեր բիզնեսի պայմաններին և դրամական հոսքերի պահանջներին։
Այն թույլ է տալիս զգալի ներդրումներ կատարել Ձեր բիզնեսում՝ առանց Ձեր դրամական հոսքերի կամ իրացվելիության վրա բացասաբար ազդելու։
Ի՞նչ է ակնկալվում փոխարենը։
ԵՆԲ-ի կողմից նման պահանջ ներկայացվելու դեպքում՝ (ա) ողջամիտ ժամկետում նախապես ծանուցվելուց հետո Դուք պետք է թույլ տաք ԵՆԲ-ի ներկայացուցիչներին այցելել և ստուգել վարկի առարկա հանդիսացող ծրագրի մեջ ներառված բոլոր տարածքները, կայանքներն ու աշխատանքները, և (բ) մենք կարող ենք Ձեր մասին տեղեկություններ տրամադրել ԵՆԲ-ին։
Խնդրում ենք կապ հաստատել հաճախորդների հետ հարաբերությունների մեր մենեջերի հետ կամ այցելել մեր տեղական մասնաճյուղ՝ քննարկելու, թե արդյոք Ձեր բիզնեսը համապատասխանում է ԵՆԲ-ի «Վարկեր ՓՄՁ-ների համար» կամ ԵՆԲ-ի «Վարկ ՄիջԿապ ձեռնարկությունների համար» սխեմայով աջակցվող ֆինանսավորման պահանջներին։
https://www.eib.org/attachments/strategies/mou_ec_eib_on_external_mandate_en.pdf